Երևանը և Բաքուն համատեղ ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման ճանապարհներին. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համատեղ ականներ են շարել Արցախի հարցի ակտիվացման բոլոր ճանապարհներին, որն անցնում է շանտաժի և սպառնալիքի ուղեկցությամբ: Այս հայտարարությունն արել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում, այդ թվում` արցախցիների վերադարձ իրենց հայրենի օջախներ, բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի։ Ադրբեջանն արցախցիների հարցը դիտարկում է Սյունիքում ադրբեջանցիների տեղավորման համատեքստում` սպառնալով, որ հակառակ դեպքում կոշտ միջոցների կդիմի»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Պատգամավորը հիշեցրել է, որ ադրբեջանցիներին Հայաստան և մասնավորապես Սյունիք տեղափոխելու օրակարգն Ադրբեջանը զարգացնում էր դեռ նախորդ տարի, երբ ՀՀ իշխանությունը հավաստիացնում էր, թե պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։
«Իսկ ադրբեջանցիները երկկողմ օրակարգում նորանոր պահանջներ էին դնում, որը, ի դեպ, սահուն միջազգային քննարկումների դաշտ էր մտնում հայաստանյան իշխանության հանցավոր անտարբերության պայմաններում»,– նշել է Աբրահամյանը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։