ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ԼՂ–ից բռնի տեղահանված մոտ 400 անձի հետ զրույցի ընթացքում ստացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման դեպքերի մասին տեղեկություններ։ Այս մասին նա ասել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ, հայտում է ՄԻՊ–ի մամուլի ծառայությունը:
«Բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայրենակցի և նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն ինձ համար առաջնահերթություն են: Շարունակաբար այցելում ենք բռնի տեղահանվածների ժամանակավոր կացարաններ։ Զրուցել ենք շուրջ 400 մարդու հետ։ Ադյունքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ»,- նշել է պաշտպանը:
Հավաքագրված տեղեկությունների իսկությունը ստուգվել է և ներառվել մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում:
Հրապարակային զեկույցը` խորհրդապահական փակ հատվածով, ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Զեկույցը հանձնվել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։