Լավրովն ու Բայրամովը մեկ շաբաթում 2-րդ հեռախոսազրույցն են ունեցել

Նրանք հաստատել են, որ անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքեր գործադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջին շաբաթում երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Ադրբեջանի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, նախարարները քննարկել են տարածաշրջանին առնչվող հարցեր։
Հաստատվել է 2020-2022 թթ. բարձր մակարդակում եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանը նշեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանները
Այդ պայմանավորվածությունները ներառում են պայմանագրի նախապատրաստում, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում և հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա։
Նրանք խոսել են նաև երկկողմ հարաբերությունների և միջազգային օրակարգին վերաբերող հարցերի շուրջ։
Հավելենք, որ Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել նաև հոկտեմբերի 24-ին։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։