Էրդողանն Իսրայելին կոչ է արել անհապաղ դուրս գալ խելացնոր վիճակից

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Telegram ալիքում հայտարարել է, որ մեկ գիշերվա ընթացքում հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող 150 թիրախների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին կոչ է արել անհապաղ դուրս գալ խելացնոր վիճակից և դադարեցնել հարձակումները Գազայի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Գազայի անդադար ռմբակոծությունները, որոնք սաստկացել են անցած գիշեր, կրկին թիրախավորել են կանանց, երեխաներին և անմեղ խաղաղ բնակիչներին՝ խորացնելով հումանիտար ճգնաժամը: Իսրայելը պետք է անհապաղ դուրս գա խելագարության այս վիճակից և դադարեցնի իր հարձակումները», - գրել է Էրդողանը Х սոցցանցում։
Նա այսօր բոլորին հրավիրել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան՝ մեծ հանրահավաքի, որտեղ կհայտարարվի, որ Թուրքիան պաղեստինցի ժողովրդի հետ միասին հանդես է գալիս իսրայելական ճնշումների դեմ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահության նախարարության, գերազանցել է 7,3 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 18 հազար մարդ:
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։