Վրաստանից Հայաստան ապօրինի ճանապարհով փորձել են 150 iPhone տեղափոխել. ՊԵԿ

Հեռախոսներ. Արխիվային լուսանկար
Առանց հայտարարագրման մեր երկիր տեղափոխվող հեռախոսները եղել են ընդհանուր մոտ 178 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանից Հայաստան փորձել են առանց հայտարարագրման 150 հատ iPhone տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ թանկարժեք բջջային հեռախոսների ապօրինի տեղափոխման դեպքի բացահայտումն արվել է ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից։
«Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած տրանսպորտային միջոցի զննությունից պարզ է դարձել, որ բեռնախցիկում առկա է «Apple» ապրանքանիշին պատկանող «iPhone» տեսակի 150 բջջային հեռախոս»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսների ընդհանուր գումարը կազմել է մոտ 178 հազար ԱՄՆ դոլար:
Հարուցվել է վարչական վարույթ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի (Ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը) հատկանիշներով։