Հունգարիայի ԱԳ նախարարը Երևանում է, առանձնազրույց է ունենում Արարատ Միրզոյանի հետ

ՀՀ ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ առանձնազրույցին կհաջորդի նաև ընդլայնված կազմով հանդիպումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Պետեր Սիյարտոն և Արարատ Միրզոյանը
«Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է ՀՀ ԱԳՆ: Տեղի է ունենում Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը»,– տեղեկացրել է խոսնակը։
Պետեր Սիյարտոն և Արարատ Միրզոյանը
Բադալյանը նաև նշել է, որ առանձնազրույցին կհաջորդի նաև ընդլայնված կազմով հանդիպումը:
Հունգարիան կարևորում է ՀՀ-ի հետ ոլորտային համագործակցությունը. հանդիպում ԿԳՄՍՆ–ում
Հիշեցնենք` Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։