ՀՀ–ում կարմրուկով վարակվածներից 4-ի վիճակը միջին ծանրության է. նախարարության ներկայացուցիչ

Հիվանդների 93%-ը պատվաստված չեն կամ ստացել են թերի պատվաստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում 2023 թվականին կարմրուկի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 471, որից 70%-ը երեխաներ են։ Այս մասին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը։
Նա հավելեց, որ հիվանդների 93%-ը պատվաստված չեն կամ ստացել են թերի պատվաստում։
«Հոսպիտալացվածները չորսն են, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- նշեց Գրիգորյանը։
Նա վստահեցրեց, որ մարտ ամսին բռնկումը տեղի է ունեցել արտերկրից ներթափանցած վիրուսի պատճառով։
«Հիվանդության բռնկման ինտենսիվությունը նվազել է, բայց նոր դեպքեր շարունակում են գրանցվել»,- ասաց նա։
ՀՀ–ում կարմրուկի համաճարակային իրավիճակն անբարենպաստ է. ԱՆ–ն հորդորում է պատվաստվել
Համաձայն պատվաստումների ազգային օրացույցի՝ կարմրուկի դեմ պատվաստանյութ ստանում են 12 ամսական և 4-6 տարեկան երեխաները։ Հայաստանի առողջապահության նախարարությունը հորդորում է չպատվաստված երեխաների ծնողներին դիմել պոլիկլինիկաներ և ստանալ պատվաստանյութ։ Պատվաստման ենթակա են նաև այն անձինք, որոնք շփվել են կարմրուկով հիվանդ մարդկանց հետ և չեն ստացել այս հիվանդության դեմ երկու չափաբաժին պատվաստում։
Հիշեցնենք՝ Հայաստանում հոկտեմբերի 25-ին առողջական խնդիրներ ունեցող և կարմրուկով վարակված 1 տարեկան 8 ամսական երեխա էր մահացել։ Փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով էր հոսպիտալացվել։ Նա կարմրուկի դեմ պատվաստված չէր եղել։