Հայաստանում կբեմադրվի Ազնավուրի «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլը. Դուրգարյան

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակն այցելել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակն այցելել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Շառլ Ազնավուրը ծննդյան 100-ամյակի առիթով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի Շառլ Ազնավուրի հեղինակած «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլը։ Այս մասին այսօր հայտարարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակիի հետ թատրոնում կատարած շրջայցի ժամանակ։ Հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Շրջայցի ընթացքում Ֆրանսիայից ժամանած հյուրերին ներկայացվել է թատրոնի պատմությունն ու գործունեությունը։
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակն այցելել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Ներկայացնելով թատրոնի դահլիճի պայմանները և բեմի հնարավորությունները՝ տնօրենը նշել է, որ թատրոնն ունի երեք բեմ, ինչն աշխարհում բացառիկ հանդիպող երևույթ է: Խոսելով խաղացանկային ներկայացումների մասին՝ Կարեն Դուրգարյանը կարևորել է միջմշակութային համագործակցության հնարավորությունները։
«Միջմշակութային կապերն ու փոխշփումները հնարավորություն են ընձեռում բեմադրելու Բիզեի, Պուչինիի, Վերդիի և այլոց ստեղծագործությունները՝ կապելով Հայաստանը եվրոպական մշակույթի հետ, որովհետև եվրոպական մշակութային դաշտը՝ օպերայի և բալետի արվեստը, այն լեզուն է, որով մենք կարող ենք խոսել միմյանց հետ»,– ասել է նա։
Կարեն Դուրգարյանը հատկանշական է համարել, որ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոկտեմբերի 26-ին և 27-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը ելույթներով հանդես է գալիս Փարիզում:
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակն այցելել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Հյուրերը ներկա են եղել նաև «Բարեկամություն» համույթի փորձին և դիտել պարային հատվածներ: Ռիմա Աբդուլ Մալակը զրուցել է «Բարեկամություն» համույթի գլխավոր բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի հետ, ինչպես նաև հայ երիտասարդ պարողների և պարուսույցների հետ, պատասխանել նրանց հարցերին, հետաքրքրվել ոլորտին առնչվող թեմաներով:
Այնուհետև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» (ղեկավար՝ Լևոն Ջավադյան) մենակատարները հանդես են եկել ֆրանսիական հայտնի օպերային արիաների կատարումներով։