ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 7-ից Գազայում գրանցվել է շուրջ 75 հարձակում առողջապահության ոլորտի վրա, 16 բուժաշխատող սպանվել է, 30-ը՝ վիրավորվել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Պաղեստինի օկուպացված տարածքում ԱՀԿ ներկայացուցիչ Ռիչարդ Պեպերկորնը այս մասին հայտարարել է Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Հոկտեմբերի 7-ից Գազայում գրանցվել է 75 հարձակում առողջապահական հաստատությունների վրա։ Ընդհանուր առմամբ, 16 բուժաշխատողներ զոհվել են ծառայողական պարտականությունները կատարելիս, 30-ը վիրավորվել են, վնասվել է շտապօգնության 24 մեքենա, տուժել է 34 բուժհաստատություն», - նշել է նա։
Պեպերկորնն ավելացրել է, որ 35 հիվանդանոցներից 23-ը դեռ մասամբ գործում են, բայց կրիտիկական գործառույթները վտանգված են: Վադի Գազայից հարավ մնացել է ընդամենը ութ վիրաբուժական ներուժ ունեցող հիվանդանոց, և բոլորը մասամբ են գործում:
«Օրական անհրաժեշտ է 94 հազար լիտր վառելիք։ Սա նվազագույն պահանջն է 12 խոշոր հիվանդանոցներում կարևորագույն գործառույթների աշխատանքը պահպանելու համար»,– ընդգծել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։