ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Երևանում մեկնարկել է Հայ իրավաբանների համագումարը, որը կազմակերպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Տեղեկությունը հրապարակվել է գրասենյակի ֆեյսբուքյան էջում։
«Հանուն հայկական շահերի և օրենքի գերակայության» խորագրով անցկացվող համագումարին մասնակցում են ավելի քանի 250 սփյուռքահայ իրավաբաններ 31 երկրից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների միջև ծանոթությունների և համագործակցության հաստատմանն ու քննարկել հայրենիքին և սփյուռքին առնչվող գերակա իրավական հարցերը, ինչպես նաև սփյուռքի լավագույն իրավաբան-մասնագետների ներգրավման և փոխգործակցության օրակարգի ձևավորման հնարավորությունները:
Այսօր համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:
Հաջորդ երկու օրերի ընթացքում համագումարի հինգ պանելային նիստերում և չորս աշխատաժողովներում հանդես են գալու հանրային մեծ ազդեցություն և մասնագիտական փորձ ունեցող սփյուռքահայ իրավաբաններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Արգենտինայից, ՌԴ-ից և այլ երկրներից։
Նիստերի և աշխատաժողովների շրջանակում հանդես կգան ՀՀ պետական գործիչներ, ԱԺ պատգամավորներ, դատական իշխանության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ։