ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի գլխավոր նպատակն ու խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Գրում է Sputnik Գրուզիան։
«Ուրախ եմ, որ այս առումով դրական տեղաշարժեր կան խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ես հույս ունեմ, որ դա հնարավորինս շուտ կիրականացվի, քանի որ մեր ընդհանուր շահերից է բխում մեր տարածաշրջանը դարձնել խաղաղ և անվտանգ տարածք», – հայտարարել է նա։
Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Վրաստանը միշտ եղել է երկիր, որը հնարավորություն է տվել Հայաստանին և Ադրբեջանին հանդիպել առարկայական քննարկումների համար՝ պահպանելով չեզոքություն երկու երկրների նկատմամբ:
«Դա միշտ արվել է տարբեր ձևաչափերով և տարբեր մակարդակներով։ Վրաստանը գրեթե միակ երկիրն է, որի նկատմամբ երկու երկրներն էլ բացարձակ վստահություն ունեն, քանի որ հակամարտության ընթացքում, մենք լիակատար չեզոքություն ենք պահպանել։ Ի դեպ, բոլոր իշխանությունները հաստատել են դա», ասել է Պապուաշվիլին։
Ինչ վերաբերում Է Վրաստանի դերին, ապա Պապուաշվիլիի խոսքով` Վրաստանի վարչապետը սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ Ադրբեջանի վարչապետի և նախագահի հետ:
Նշենք, որ այսօր Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հնարավոր է Վրաստանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ և եռակողմ բանակցություններ անցկացնել: