ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն այսօր քննարկել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ հայերի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հանդիպումը
«ՀՀ վարչապետը ողջունել է պարոն Սիյարտոյի այցը Երևան և կարևորել հայ-հունգարական երկխոսության շարունակականությունն ու դրա հետևողական զարգացումը տարբեր ուղղություններով»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության, կրթության, մշակույթի, ավիահաղորդակցության և այլ բնագավառներում փոխգործակցության խթանմանը միտված քայլերը:
Պետեր Սիյարտոն ընդգծել է երկկողմ հարաբերություններում արձանագրվող դրական դինամիկան, Հայաստանի և Հունգարիայի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը։
Նա հայտնել է նաև, որ Հունգարիայի կառավարությունը մտադիր է Երևանում բացել հյուպատոսություն, ինչը ևս կնպաստի հայ-հունգարական կապերի ընդլայնմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Հիշեցնենք` Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։
2 երկրների հարաբերություններում սառույցը հալվեց, երբ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերով 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Հունգարիայի իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ գնացին Բաքու և 5 գերիների հետ եկան Երևան։
2022-ի դեկտեմբերի 7–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջիկայում Հայաստանում և Հունգարիայում 2 երկրների կողմից դեսպաններ կնշանակվեն։
Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը համատեղության կարգով նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։