ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հետաքրքրում է, թե ուր է «Հոկտեմբերի 27»-ի գործով կարևոր վկա Ալեքսան Հարությունյանը։ Այս մասին նա ասաց ԱԺ բակում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերին նվիրված հուշակոթողի մոտ ծաղիկ խոնարհելուց հետո։
Նշենք, որ Ալեքսան Հարությունյանը եղել է ՀՀ նախագահի խորհրդական, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Հոկտեմբերի 27-ից հետո գործում ներգրավված է եղել որպես մեղադրյալ և ձերբակալվել: 2000 թվականի ապրիլին, սակայն, նրա խափանման միջոցը փոխվել էր: Հարությունյանի դեմ ցուցմունք էր տվել 1 հոգի՝ Նաիրի Հունանյանը (հանցախումբը գլխավորողն է, նա ցմահ ազատազրկված է` խմբ.): Վերջինս ասել էր, թե Ալեքսան Հարությունյանն ակտիվ մասնակցություն է ունեցել հոկտեմբերի 27-ի գործը կազմակերպելու մեջ:
«Շատ կարևոր վկաների մի մասը տարօրինակ հանգամանքներում մահացել է, ինչ–որ անձանց մասին էլ ոչինչ չգիտենք։ Օրինակ` ո՞ւր է Ալեքսան Հարությունյանը, նա կարևոր վկա է և քանի դեռ նա կա` գործը շանս ունի բացահայտվելու»,– ասաց Քոչարյանը։
Ըստ նրա՝ տեղի ունեցած ահաբեկչության բացահայտման համար որպես ժառանգություն թողնված է բավականին շատ գործ, որը մեծ հույս է ներշնչում ցանկալի արդյունքին հասնելու համար։
«Շատերը մեկուսարաններում մահացան, Հունանյան եղբայրների քեռին էլեկտրահարվեց։ Կալանքի տակ գտնվողները հոկտեմբերի 27–ից հետո հնարավորություն ունեցան ազատ արձակվելու, բայց ենթադրում եմ, որ դրանից հետո պետք է քննությունը նորից լսեր այդ մարդկանց։ Կարեն Դեմիրճյանի կուսակցության անդամներից մեկը` Հմայակ Հովհաննիսյանը, հիմա էլ ցանկանում է առերեսում անցնել։ Քրեական գործողությունների խումբը հերթականությամբ անում է քայլերը»,– ասաց նա։
Քոչարյանը հույս հայտնեց` հաջորդ տարի հոկտեմբերի 27–ին, հասարակությանը կներկայացվի ցանկալի արդյունք, որին հայ ժողովուրդը սպասում է։ Նա միևնույն ժամանակ ընդգծեց` հոկտեմբերի 27-ի գործը ժողովրդի համար բացահայտված է, խնդիրը նրանում է, թե իրավական առումով բացահայտումներն ինչ ընթացք պետք է ունենան։
Նշենք, որ Ալեքսան Հարությունյանը 10 տարի եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը։ 2014-ից սկսել է դիվանագիտական գործունեություն ծավալել՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Պերուում, Չիլիիում ստանձնելով ՀՀ դեսպանի պարտականություններ:
Հիշեցնենք` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։