Միշուստինն առաջարկել է ՇՀԿ անկախ վճարահաշվարկային մեխանիզմ ստեղծել

Միշուստինը ՇՀԿ կառավարության ղեկավարների հանդիպմանը
ՌԴ կառավարության ղեկավարը կարծում է, որ փոխշահավետ տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ է շարունակել վերացնել իրավական և վարչարարական խոչընդոտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն առաջարկել է մտածել ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) շրջանակում տարածաշրջանային անկախ վճարահաշվարկային մեխանիզմ ձևավորելու մասին։
Նրա խոսքով` փոխշահավետ տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ է շարունակել վերացնել իրավական և վարչարարական խոչընդոտները, ինչպես նաև ժամանակակից վճարային համակարգ կառուցել։
«Մենք հետզհետե ավելի հաճախ ենք կիրառում սեփական արժույթները հաշվարկներում, հարկ է մտածել տարածաշրջանային անկախ վճարահաշվարկային մեխանիզմ ձևավորելու մասին, ինչպես նաև ապահովել ազգային բորսաներում մեր արժույթների փոխարկումը», – հայտարարել է Միշուստինը` ընդլայնված ձևաչափով ՇՀԿ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ելույթ ունենալիս։
Նա ընդգծել է, որ ՇՀԿ–ի ընդհանուր խնդիրը գլոբալ մարտահրավերների նկատմամբ կայունություն ապահովելն է, աճող մրցակցության և տուրբուլենտության պայմաններում ձեռնարկությունների և քաղաքացիների հուսալի պաշտպանությունը, ինչպես նաև պրոտեկցիոնիստական միջոցների և անօրինական պատժամիջոցների խստացումը։
«Միասին մենք կարող ենք հաղթահարել այդ ամենը», – ասել է Ռուսաստանի վարչապետը։
Նա հորդորել է գործընկերներին ավելի ակտիվ աշխատել տրանսպորտային ցանցի զարգացման հայեցակարգի վրա։ Ռուսաստանը մի քանի ռազմավարական նախագծեր է սկսել, որոնք բեռների առաքման լրացուցիչ հնարավորություններ կբացեն, մասնավորախես` հետևողականորեն կձևավորվեն Հյուսիս–Հարավ, Արևմուտք–Արևելք տրանսպորտային և լոգիստիկ երթուղիները, կընդլայնեն Հյուսիսային ծովային ուղու հզորությունները։ Միշուստինն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել նաև ՇՀԿ–ում ավտոմոբիլային ճանապարհների զարգացման հուշագրի նախապատրաստումը։
Հիշեցնենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Չինաստանի, ՌԴ–ի, Ղազասխտանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի առաջնորդների կողմից։
Կազմակերպության հիմնական նպատակն է տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համատեղ ապահովումն ու պահպանումը, ինչպես նաև ժողովրդավարական, արդար և ռացիոնալ միջազգային նոր քաղաքական և տնտեսական կարգ հաստատելուն հասնելը։