ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Մասրիկ–1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները երկարաձգվեց մինչև 2024 թ. հոկտեմբերի 31–ը։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կառուցապատող «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ–ն և ծրագրի հովանավոր «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս»–«ԷֆԷսԷլ Սոլար»-ի միջև 2020 թ. կնքված համաձայնագրով ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի համայնքում «Մասրիկ–1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման համար ՀՀ կառավարության կողմից վերջնաժամկետ էր սահմանվել 2023 թ. սեպտեմբերի 1–ը։
«Աշխատանքների ձգձգումները և դանդաղումը կառուցապատողը, ի թիվս այլ խնդիրների, պայմանավորել է 2022 թ. սեպտեմբերի 13-ից սկսված ՀՀ տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, որն ազդեցություն է ունեցել ծրագրի տարածքում գտնվող անձնակազմի ֆիզիկական անվտանգության վրա, ինչի պատճառով աշխատանքները դադարեցվել են: Դրանով պայմանավորված, կառուցապատողը հիմնական սարքավորումներ և նյութեր չի տեղափոխել ծրագրի տեղանք մինչև ձմռան սկիզբը, ինչի հետևանքով տեղի են ունեցել ծրագրի իրականացման զգալի ուշացումներ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Կառուցապատողն աշխատանքների երկարաձգման համար ՀՀ պետական բյուջե կփոխանցի 1 մլն ԱՄՆ դոլար՝ որպես տույժ: Լրացուցիչ ծախսեր չկրելու համար` կառուցապատողը ՀՀ կառավարությունից խնդրել է այդ տույժը վճարել մեկամսյա ժամկետում, սակայն ոչ ուշ քան մինչև 2024 թ. նոյեմբերի 30–ը: Ի դեպ 1 մլն դոլար տույժի վրա գործում է տարեկան 7 տոկոս տոկոսադրույքը: