ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Երևան Արամի փողոցի 32 հասցեում գտնվող, պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի 6198 քմ մակերեսով հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ։ Դատախազության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բաց աճուրդի կամ ուղղակի վաճառքի ձևով հանրախանութի շենքը 2001 թվականի սեպտեմբերի 6-ին Կենտրոն թաղային համայնքի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության միջև կնքված վաճառքի պայմանագրով օտարվել է: Նշված ընկերությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է օտարումից մի քանի օր առաջ՝ 2001 թվականի օգոստոսի 31-ին:
2001 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի և «Սոգլասիե- Արմենիա» ՍՊ ընկերության միջև օրենքի խախտմամբ կնքվել է նշված տարածքում գտնվող՝ 6198 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր՝ 99 տարի ժամկետով:
Հետագայում` 2002 թվականի մարտի 4-ին, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն գրանցել է «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը Արամի 32 հասցեի 6198 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Մինչդեռ, վերոնշյալ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում որպես իրավաբանական անձ գրանցված չի եղել: Հետևաբար, մինչև 2001 թվականի մայիսի 2-ը չէր կարող այդ հողամասի նկատմամբ ունենալ օգտագործման իրավունք, այլ վարձակալության իրավունք։ Արդյունքում՝ Արամի 32 հասցեի 6198 քմ մակերեսով հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքն ապօրինի դադարել է:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
2023 թվականի հոկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):