Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Բագրատաշենի մաքսակետի պաշտոնատար անձինք

Մաքսային տեսուչներից մեկի նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, գրավը և պաշտոնավարման կասեցումը, իսկ մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչները «Ինտերտրանս» ՍՊ ընկերության կողմից ներմուծված ապրանքները ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար կաշառք են ստացել: Տեղեկութունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ մաքսակետում խնդիրներ են առաջացել` կապված «Ինտերտրանս» ՍՊԸ-ի ներմուծած հագուստի քաշի և տեսակի հետ։ ՍՊԸ–ի տնօրեն Ա. Մ.-ն իր բեռները տեղափոխող վարորդ Ա. Վ.-ին դրդել է կաշառք տալ «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Վ. Մ.-ին, որպեսզի ներկրված բեռը չստուգվի և հայտնաբերված խախտումը չարձանագրվի։
«Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչը խախտումները չարձանագրելու համար 2023 թվականի օգոստոսի 15-ին ստացել է 76.200 ՀՀ դրամին համարժեք 20.000 ռուբլի գումար կաշառք:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի մեկ այլ գլխավոր մաքսային տեսուչ Հ. Ք.-ն վերը նշված նույն ընկերության և վարորդ Ա. Վ.-ի օգտին ապօրինի անգործություն է դրսևորել։ ՀՀ ներմուծված ապրանքներն առանց ստուգելու բաց թողնելու համար նա 2023 թվականի հուլիսի 13-ին որպես կաշառք պահանջել է «Iqos» անհատական էլեկտրական գոլորշիացնող սարք (60.000 դրամ շուկայական արժեքով):
«Ինտերտրանս» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Մ.-ն, վարորդ Ա. Վ.-ն և երկու մաքսային տեսուչները ձերբակալվել են:
Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Ա. Վ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Գլխավոր մաքսային տեսուչներ Վ. Մ.-ին և Հ. Ք.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Վ. Մ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես համակցված խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, գրավը և պաշտոնավարման կասեցումը, իսկ Հ. Ք.-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՊԵԿ պաշտոնյաները ապրանք ներկրողներից կաշառք են վերցրել. ԱԱԾ–ն 12-ին ձերբակալել է