ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ։ Այս մասին հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։
Նա Ջերմուկում այցելել է ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ։
«Շատ հաճելի է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ԵՄ անդամություն չունեցող առաջին երկիրն է, որ միանում է այս առաքելությանը»,– ասել է նա։
Կանադայի արտգործնախարարը նշել է, որ այս առաքելությունը կարևոր է տարածաշրջանի հումանիտար հարցերը հասցեագրելու, ինչպես նաև խաղաղություն և կայունություն բերելու առումով։
Ջերմուկ այցի ընթացքում Կանադայի ԱԳ նախարարը կլինի նաև մարտական դիրքերում, ինչպես նաև հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25–ին Կանադայի ԱԳ նախարարը հանդիպել էր ՀՀ վարչապետին ու ԱԳ նախարարին։