ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Իզզեդդին ալ–Քասամի բրիգադի» խմբավորումը, հայտարարել է, որ իրենց հաջողվել է խոցել իսրայելական ուղղաթիռը Գազայի հատվածի կենտրոնական մասի երկնքում։ Հայտարարության տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
««Ալ–Քասամի բրիգադի» մարտիկները Sam7 հրթիռ են արձակել Էլ Բուրեյջ փախստականների ճամբարից դեպի արևելք ընկած թշնամական ուղղաթիռի ուղղությամբ։ Խոցում է արձանագրվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելական բանակից դեռ մեկնաբանություններ չեն եղել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել շուրջ 250 մարդու։