ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը զենք է հանձնել ոստիկանությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա ընդգծեց, որ զենքի հանձնումից հետո քրեական գործ է հարուցվել՝ պարզելու այդ զենքի օրինականությունը։ «Քրեական վարույթի շրջանակներում պարզվում են ներկայացված զենքի ձեռք բերման և պահման օրինականությունը, ինչը ստանդարտ պրակտիկա է նման դեպքերում»,– ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հոկտեմբերի 15-ին էլ կանչվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` հարցաքննության։ Նա որպես վկա էր այնտեղ գնացել։ Թե ինչ քրեական գործի շրջանակում էր Բալասանյանն ԱԱԾ կանչվել, հայտնի չէ։
Ավելի վաղ նաև հայտնել էինք, որ հոկտեմբերի 16-ին ԱԽ նախկին քարտուղարի նկատմամբ դեռ Արցախում հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, գործն էլ կարճվել։ Բալասանյանին Արցախում 4 հոդվածով մեղադրանք էր առաջադրվել հուլիսի 19-ին` գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքի և թմրամիջոցներ պահելու համար։ Նրան, որդուն և քեռորդուն հուլիսի 13-ին ձերբակալել էին, կալանավորման միջնորդությունը, սակայն դատարանը մերժել էր։