Փաշինյանը Մելանի Ժոլիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին
Կանադայի ԱԳ նախարարը վաղը կայցելի Հայաստանի հարավ՝ հանդիպելու տեղական իշխանություններին և ԼՂ-ից բռնի տեղահանության ենթարկված ժողովրդին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցեր է քննարկել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարևորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:
Կանադայի ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ իրենք գիտեն, որ այժմ Հայաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է։
«Մենք հետևել ենք սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններին, և իհարկե, մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում, ինչպես նաև օգնել, որպեսզի տարածաշրջանը լինի ավելի խաղաղ և կայուն։ Մենք սա անում ենք առաջին հերթին ԵՄ առաքելության մեջ ներգրավվելով, մենք ԵՄ ոչ անդամ միակ պետությունն ենք, որը մասնակցում է ԵՄ առաքելությանը։ Սա առաջին քայլն է Հայաստանում առավել ներկայություն ապահովելու հարցում»,-ասել է նա։
Նա հավելել է, որ ԵՄ հումանիտար աջակցությանը նոր ֆինանսական միջոցներ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար։
Կանադայի ԱԳ նախարարը հավելել է, որ վաղը կայցելի Հայաստանի հարավ՝ հանդիպելու տեղական իշխանություններին և ԼՂ-ից բռնի տեղահանության ենթարկված ժողովրդին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Կանադա համագործակցության օրակարգային հարցերի շուրջ:
Այս համատեքստում Փաշինյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման առիթով, համարելով դա նշանակալի իրադարձություն։
Իր հերթին, Մելանի Ժոլին նշել է, որ համոզված է, այժմ Կանադայի վարչապետը ևս մտովի տոնում է դեսպանատան բացումը։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կանադայի ԱԳ նախարարը հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարարին ու հայտարարել, որ իրենք լիարժեք աջակցում են Հայաստանի տարածքայի ամբողջականությանը։