ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի` Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այդ մասին հայտարարել է APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը, որը հեռավար է մասնակցել համաժողովին, բրյուսելյան հանդիպման հետաձգումը պատճառաբանել է ժամանակի սղությամբ:
Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն, որոնց վերջնարդյունքը կլինի ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Կլաարի խոսքով` հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացն Արևմուտքի միջնորդությամբ դանդաղ, սակայն ճիշտ ուղղությամբ է ընթանում: Նա դրական է գնահատել Գրանադայում կայացած բանակցությունները, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր մասնակցել:
Հիշեցնենք` ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, մասնակցությամբ եռակողմ հանդիպում է նախատեսվում հոկտեմբերի վերջին Բրյուսելում։