Ինչպե՞ս է լուծվելու արցախցիների թոշակների հարցը. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կստանան ՀՀ քաղաքացիություն, ինչից հետո կլուծվի նաև թոշակավորման և այլ հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը որևէ մեկին թոշակից չի զրկել, բայց Հայաստանի Հանրապետությունը մարդկանց կարող է թոշակ տրամադրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին` այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` ԼՂ–ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալը, ըստ էության, այս հարցի լուծումն էլ է ապահովելու։

«Դրանով, այդ թվում` նրանց գույքային իրավունքների հետագա հետապնդման ու պաշտպանության համար, կստեղծվի իրավական հիմք, որից հետո նրանք արագացված կարգով կստանան ՀՀ քաղաքացիություն և դիմելու պարագայում թոշակավորման և մնացած հարցերն արագ կլուծվեն»,– ասաց վարչապետը։

Անդրադառնալով պատգամավորի բարձրացրած մյուս հարցին, որ մեր հայրենակիցներից շատերը տեղավորված են այնպիսի կացարաններում, որոնք ծրագրերով արցախցիներին տրվում է աջակցություն, որով նրանք կարող են պատշաճ պայմաններով բնակարան վարձակալել։
Նա ներկայացրեց 5-հոգանոց արցախցի ընտանիքին այս պահին տրվող աջակցության չափը։ Յուրաքանչյուր անդամի տրվում է 100 հազար դրամ, առաջիկա 6 ամսվա համար յուրաքանչյուր անձ ստանում է 50 հազար դրամ` բնակարանային կարիքները հոգալու համար, սրան գումարած, 5–հոգանոց ընտանիքն առաջիկա երկու ամիսների համար ստանալու է 50 հազար դրամ (յուրաքանչյուր անդամի համար)` հրատապ կարիքները հոգալու նպատակով։
Գեղամ Նազարյանը հարց ուղղեց` պետությունը գիտակցո՞ւմ է արդյոք, որ պարտք է արցախցիներին` նաև մշտական բնակարանով ապահովելու, վարչապետը նշեց` պետությունը նույնքան պարտք է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք տուն չունեն, պատշաճ կրթություն չեն ստացել և այլն։
«Մի՛ ստեղծեք հակադրություն, որովհետև ՀՀ կառավարությունը նույնպիսի պարտավորություն ունի նաև ՀՀ քաղաքացու նկատմամբ»,– շեշտեց Փաշինյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։