ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հեռուստաընկերությունները կկարողանան ինքնուրույն ընտրել, թե իր վարկանիշը որ ընկերությունը կազմի։ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր 2-րդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ, 0 դեմ, 27 ձեռնպահ ձայներով:
Ձեռնպահ քվեարկեցին խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները` «Հայաստան» և «Պատիվ ունեմ»։
Օրենսդրական նոր փոփոխությամբ հեռուստաալիքները կկարողանան նաև հստակություն պահանջել գնահատումների հարցում, որոնցից կախված են իրենց բյուջեները:
Ավելի վաղ ներկայացնելով օրինագիծը` հեղինակ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել էր, որ տարիներ շարունակ հեռուստաալիքների համար վարկանիշներ է կազմել ընդամենը մեկ ընկերություն՝ «Admosphere Armenia»–ն: Ստացվում էր` վարկանիշային ծառայությունների շուկան դե յուրե ազատ էր և ոչ մի կերպ չէր կարգավորվում, բայց դե ֆակտո այնտեղ գործում էր միայն մեկ ընկերություն։
Նրա խոսքով` վարկանիշը կազմվել է լսարանի գնահատականների և այլ չափանիշների հիման վրա, սակայն մինչև վերջ թափանցիկ չի եղել։ Այդ պատճառով ընկերության սեփականատերերը, կատարելով քաղաքական պատվերը, կարող էին բարձրացնել կամ իջեցնել այդ վարկանիշները՝ կախված հեռուստաալիքների քաղաքական հայացքներից։
Ըստ Գաբրիելյանի` դա ուղղակիորեն ազդել է հեռուստաալիքների բյուջեի վրա։ Հեռուստաալիքների բյուջեներն ընդհանուր առմամբ կազմում են տարեկան մի քանի միլիոն դոլար` չնայած վերջին տարիներին տարբեր հանգամանքներից ելնելով դրանք նվազել են:
Ի դեպ, օրենսդրական այս փոփոխությունը նախաձեռնվել է հենց հեռուստաալիքների պահանջով։