ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինչպես և նախկինում, լավատեսորեն է տրամադրված առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման հեռանկարների հանդեպ: Այս մասին նա ասել է Wall Street Journal–ին տված հարցազրույցում։ Ըստ ՀՀ վարչապետի` տարածաշրջանի ապագան փակ սահմանների և առևտրային ուղիների բացումն է, ներառյալ Հայաստանի միջոցով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային հաղորդակցությունը` Հայաստանի ինքնիշխանության հարգմամբ։
«Անվտանգությունը պետք է ձեռք բերել ոչ միայն բանակի, այլև տարածաշրջանային խաղաղության միջոցով»,– նրա խոսքերն է մեջբերել պարբերականը։
Պատասխանելով Հայաստանի` Ռուսաստանի հետ ունեցած պատմական հարաբերությունների մասին հարցին՝ Փաշինյանը կոչ է արել դրա փոխարեն կենտրոնանալ թուրք հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։
«Ահա թե որտեղ են թաքնված բոլոր հարցերը, և ահա թե որտեղ են թաքնված բոլոր հարցերի պատասխանները»,– ասել է նա:
Նա շեշտել է, որ Հայաստանը նախևառաջ պետք է աշխատի տարածաշրջանային հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
ՀՀ վարչապետը հավելել է, որ անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացումը, որին ձգտում է Հայաստանը, պետք է հասկանալ որպես տարածաշրջանային կայուն խաղաղության ձգտում, այլ ոչ թե պարզապես արևմտյան ռազմակայանների և զենքի համար խնդրանք: