ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության Bee-online եվրասիական հարթակն օգտագործում է արդեն 7 հայկական կարի ֆաբրիկա։ Այս մասին նախագծի տնօրեն Տատյանա Բելկևիչը հայտարարեց Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած հեռուստակամրջի ժամանակ։
Նախագիծը զարգացման դրամաշնորհ է ստացել Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամից:
Հարթակը թույլ է տալիս ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապեր հաստատել։ Այդկերպ նրանք ավելի հեշտ կարող են գտնել հումքի (գործվածքներ, պարագաներ և այլն) մատակարարներ, մասնագետներ (դերձակներ, նորաձևության դիզայներներ, հագուստի դիզայներներ, ինժեներական և տեխնիկական անձնակազմ), ինչպես նաև ընկերություններ, որոնք պատվերով որակի արտաքին վերահսկողություն են իրականացնում: Հնարավոր է նաև ներգրավել հագուստի դիզայներներ և խորհրդատուներ, որոնք կհուշեն շուկայում նորաձևության թրենդները:
«Սա հատկապես օգտակար է փոքր արտադրողների համար, որոնց ձեռնարկությունները արդյունաբերության կենտրոններից հեռու են և որոնք անձնակազմ և գործընկերներ գտնելու համար առանձնապես լայն կապեր չունեն։ Հիմա նրանք այդ կապերը զարգացնելու նոր հնարավորություն են ստանում»,-նշեց Բելկևիչը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանում վերջին տարիներին ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) աջակցությամբ ձևավորվել է թեթև արդյունաբերության կլաստեր: Մի քանի տարի առաջ գործակալությունը Ռուսաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ թեթև արդյունաբերության զարգացման ծրագիր իրականացրեց։ Արդյունքում ոլորտի ընկերությունները իտալացի մասնագետների օգնությամբ կարողացան բարձրացնել կադրերի որակավորման մակարդակը։
Առայժմ նախագծին Հայաստանից մասնակցում է 7 գործարան, սակայն նախապատրաստվում է ևս 14-ի ինտեգրումը, իսկ հեռանկարում այդ թիվը նախատեսվում է հասցնել 50 և ավելիի: Բելկևիչը փաստեց, որ Հայաստանի ձեռնարկություններում լավ արտաքին հագուստ են կարում թե՛ Ռուսաստանից պատվիրատուների, թե՛ մի շարք համաշխարհային բրենդների (այդ թվում՝ լյուքս հատվածի) համար։
«Արդեն հիմա մեր հարթակում մենք տեսնում ենք դեպի Հայաստան պատվերների ծավալի աճ՝ ամեն ամիս 2%-ով։ 98%-ը Ռուսաստանից պատվերներն են, բայց կարելի է հասնել նաև այլ երկրներից պատվերների աճի»,-կարծում է նա։
Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանն իր հերթին հայտարարեց, որ այսօր Հայաստանի համար իր հաջողությունները մասշտաբային դարձնելու հնարավորություն է ստեղծվել:
Եվրասիական տնտեսական միության շուկան ինքնին արդեն հսկայական է, բայց կարելի է դուրս գալ նաև երրորդ երկրների շուկաներ, որոնց հետ ԵԱՏՄ-ն ազատ առևտրի մասին համաձայնագրեր ունի կամ պատրաստվում է ունենալ։
Նա հիշեցրեց, որ հիմնադրամը ԵԱՏՄ տարածքում բիզնեսի և քաղաքացիների համար թվային ինտեգրացիոն նախագծերի աջակցության նոր մրցույթ է հայտարարել: