ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Կրթության ոլորտի հայ և չինացի պաշտոնյաները քննարկել են կրթության բնագավառում հայ-չինական կապերի և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպման ընթացքում նշել է, որ հայկական կողմը կարևորում է չինարենի ուսուցման զարգացումը։
«Դրա լավագույն վկայություններից են Երևանում հայ-չինական բարեկամության դպրոցի և Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեությունը, ինչպես նաև Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող կրթաթոշակային տեղերը»,– ասել է նա։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության լեզվական կրթության և համագործակցության կենտրոնի պետի տեղակալ Ծին Վեյն էլ շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը չինարենի տարածման և ուսուցման գործում ներդրած շարունակական ջանքերի, ինչպես նաև «Ուրախ չինարեն» դասագրքի թարգմանության և տեղայնացման համար:
«Ուրախ եմ, որ է հայ երիտասարդները հնարավորություն ունեն սովորելու չինարեն, քանի որ դրանով նրանց առջև նոր հնարավորություններ են բացվում»,– ասել է նա:
Անդրադառնալով կրթության բնագավառում համագործակցության հեռանկարներին՝ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել ավելի մեծ թվով լեզվակիր մասնագետների գործուղումը Հայաստան, հայ մասնագետների շարունակական վերապատրաստումները ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Կարևորվել է չինարեն սովորողների համար ամառային դպրոցների անցկացումը, հայերենով ուսումնամեթոդական նյութերի շարունակական ստեղծումը, ինչպես նաև հայ և չին հեղինակների գրական ստեղծագործությունների թարգմանությունն ու այս նպատակով համապատասխան մասնագետների պատրաստումը:
Երկուստեք անդրադարձ է կատարվել նաև Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում հայագիտական, իսկ Հայաստանում չինագիտական կենտրոնների ստեղծման հնարավորությանը: