ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիան կարևորում է Հայաստանի հետ ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարները: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Մեր երկրների միջև համագործակցության ներուժը թույլ է տալիս խորացնելու հարաբերությունները մշակույթի, կրթության, գիտության, ինչպես նաև երիտասարդության և սպորտի ոլորտներում: Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ հատկապես ուզում եմ մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի կապակցությամբ»,-հանդիպման ընթացքում ասել է Քոչարյանը։
Նա հույս է հայտնել, որ Հունգարիան կկիրառի իր հեղինակությունը և գործուն քայլեր կձեռնարկի կանխարգելելու վանդալիզմը, որի հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումից հետո ավելի մեծ է:
Քոչարյանն առաջարկել է նաև դիտարկել մշակույթի այլ ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունները, մասնավորապես՝ համատեղ իրականացնելով համերգներ, ցուցահանդեսներ, մշակութային գործիչների փոխայցելություններ և այլն:
Կողմերն անդրադարձել են նաև հայ-հունգարական համագործակցության հեռանկարին կրթության բնագավառում:
Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։
Նա ընդգծել է, որ Պազմանի կաթոլիկ համալսարանում ակտիվ գործունեություն է ծավալում հայագիտության ամբիոնը:
Կողմերը կարևորել են ինչպես Հայաստանում հունգարերենի տարածմանն ու ուսումնասիրմանն ուղղված քայլերը, այնպես էլ Հունգարիայում հայերենի ուսուցման և միջմշակութայաին կապերի զարգացման հնարավորությունների ստեղծումը:
Հանդիպման ընթացքում քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: