ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Իրական շանսեր կան կարճ ժամանակում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման համար: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը:
Նշվում է, որ Բաքվում կայացած հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև Թեհրանում «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում անցկացված հանդիպման արդյունքները:
Հիշեցնենք` հոկտեմբերի 23–ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել արգործնախարարների մակարդակով։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։
Հոկտեմբերի 23-ին կայացած հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի միջև ոչ պաշտոնական շփում է եղել։