ՀՀ նախագահը Կովաչևի հետ խոսել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանման մասին

Բրյուսելում ՀՀ նախագահը հանդիպել է Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ
Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանը և ընդհանուր զարգացումներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի միանշանակ դիրքորոշումն է հասնել տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությունը և ընդհանուր զարգացումները:
«Վահագն Խաչատուրյանն Անդրեյ Կովաչևի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հիմնարար իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտության վրա»,– նշված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակին և հնարավոր սպառնալիքներին և վերջինիս պահպանության ու պաշտպանության անհրաժեշտությանը։
Բրյուսելում Վահագն Խաչատուրյանը նաև աշխատանքային ճաշ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Քսավիե Բելամիի, Լարս Պատրիկ Բերգի, ժորդի Սոլեի, Անդրիուս Կուբիլիուսի, Ռասա Յուկնեվիչիենեի և Բերտ-Յան Ռաուսենի հետ:
Բրյուսելում ՀՀ նախագահը հանդիպել է Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ
Ճաշի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող ընդհանուր իրադրությանն ու առկա զարգացումներին: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման ուղղությունների շուրջ: