ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Գյումրու Պարույր Սևակ փողոցի 13 շենքի բակում տղամարդը հարձակվել է այդ տարածքում կայանված ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարող հրշեջ–փրկարարի վրա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգ է ստացել ժամը 16:10-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել Գյումրու թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
«Երբ հրշեջները փորձել են մարել կրակը, մի տղամարդ՝ դանակով զինված, նախ կտրել է հրշեջ ավտոմեքենային միացված փողրակը, ապա խոչընդոտել ու արգելել է հրշեջների աշխատանքը: Պարեկային ծառայության մի ծառայող մոտեցել է այդ քաղաքացուն ու վնասազերծել նրան։ Տղամարդուն ձերբակալել են և տեղափոխել ոստիկանության Մուշի բաժին»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Ա. Ա.-ն է, և հենց նա էլ կասկածվում է ավտոմեքենան հրկիզելու մեջ։
Հրշեջներին հաջողվել է մարել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: