Ֆրանսիացի պաշտոնյան Հայաստանում կօժանդակի Արցախից տեղահանվածներին աջակցելու աշխատանքներին

Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսը Հայաստան է ժամանել Օվերնյը-Ռոն-Ալպի և Սյունիքի մարզի միջև հաստատված գործընկերության շրջանակում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ Կովաքսին ընդունել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսի և ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը
ՀՀ փոխարտգործնախարարը բարձր է գնահատել Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի՝ Հայաստանի հանդեպ բարեկամությունն ու սատարող նախաձեռնությունները` ինչպիսիք են ռեգիոնալ խորհրդի ընդունած 2020 և 2022թթ. բանաձևերը։
«Երկուստեք կարևորվել է փախստականների համար կարճաժամկետ ծրագրերի իրականացման հետ մեկտեղ նրանց համար կայուն կենսապայմանների ապահովման անհրաժեշտությունը։ Այն Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի տնտեսական, առողջապահական ծրագրերի հետ միասին ներառվել է Սյունիքի մարզի հետ համագործակցության առաջնահերթությունների շարքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև ընթացիկ տարվա մարտին ռեգիոնալ խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և Սյունիքի մարզի հետ համագործակցության հաստատումը: Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 20-ին Հայաստանի համար հումանիտար օգնություն սահմանող` Օվերնյը-Ռոն-Ալպի որոշման համար։
Ֆրանսիայից ուղարկված 5 տոննա մարդասիրական օգնությունը հասավ Հայաստան
Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարներին, մտքեր փոխանակել տարածաշրջային հարցերի շուրջ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։