ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում բժիշկների լիցենզավորման պահանջը թույլ կտա որոշակի ազդեցություն ունենալ մասնագիտական էթիկայի խախտման դեպքում: Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և այլ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Կառավարությունը դեռ մայիսի 4-ին որոշել էր , որ Հայաստանում բժիշկները կրկին կլիցենզավորվեն։ Ընդգծվել էր, որ թույլտվությունը տրվելու է 5 տարի ժամկետով բժիշկներին և ուսանող-օրդինատորներին:
«Նախատեսվում է ներդնել անհատական լիցենզիայի 2 տեսակ` ժամանակավոր և մշտական։ Այս տարբերակումը հնարավորություն կտա մեր կլինիկական օրդինատորներին և ռեզիդենտներին բուժաշխատողի հսկողության տակ իրականացնել սահմանափակ մասնագիտական գործունեություն»,– ասաց Ավանեսյանը։
Ընդունման դեպքում ավագ բուժաշխատողների համար օրենքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1–ից, իսկ կլինիկական օրդինատորների և ռեզիդենտների համար՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Լիցենզավորման համակարգը, ըստ նախարարի, լրացնելու է արդեն գործող հավաստագրման համակարգը: Լիցենզավորումը լինելու է պարբերական: Ավանեսյանի խոսքով՝ այսպիսով բուժաշխատողները պետք է ժամանակի ընթացքում անընդհատ թարմացնեն իրենց գիտելիքներն ու հնարավորություն ունենան ապացուցելու էթիկական նորմերի մասով իրենց պատրաստվածությունը:
Նշենք, որ բժիշկների լիցենզավորումը չեղարկվել էր 2001 թվականին, սակայն որոշվել է այն հաջորդ տարվանից կրկին կիրառել։
Հիշեցնենք` 2023 թվականի հունվարի 1-ից էլ ուժի մեջ է մտել բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելու համար հավաստագրման պարտադիր պահանջը։ Մոտ 35.000 բուժաշխատող անցել է ողջ գործընթացը և ստացել հավաստագիր։