Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը զրուցել են Թեհրանում. ԶԼՄ

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը վստահ է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կնպաստի կայունության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում զրույց են ունեցել։ Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը քայլերից մեկն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանն ու բարեկամությանը տանող ճանապարհին։ «3+3» հանդիպման շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները խոսելու հնարավորություն են ունեցել։ Այս հանդիպումը կնպաստի կայունության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասում»,- ասել է Աբդոլահիանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 23–ին Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել արգործնախարարների մակարդակով։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
ՌԴ–ն պատրաստ է օգնել ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցում. Լավրով
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։