Ադրբեջանի ուզած «խաղաղությունը» Հայաստանի կապիտուլյացիան է. ընդդիմադիր պատգամավոր

Ադրբեջանը տարածքային ամբողջականությունները փոխադարձ հարգող հայտարարություն ընդունելով, իսկ մյուս կողմից ՀՀ–ում պահելով իր զորքերը, հստակ ուղերձ է հղում, որ որևէ ձևով խաղաղության գնալու ցանկություն չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Իրանում 3+3 ձևաչափի հանդիպմանն ընդունված հայտարարության համաձայն` Ադրբեջանն այսօր պետք է իր օկուպացիոն զորքերը հաներ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից, սակայն նման բան տեղի չունեցավ։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով «3+3» ձևաչափի հանդիպման արդյունքներին։
Իրանում պաշտոնյաները 9 կետից բաղկացած հայտարարություն են ընդունել, որոնցից մեկով ընդգծվել է վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման կարևորությունը և ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա մարդու իրավունքները հարգելու կարևորությունը։
«Ադրբեջանը, մի կողմից ընդունելով տարածքային ամբողջականությունները փոխադարձ հարգող հայտարարություն, իսկ մյուս կողմից Հայաստանում պահելով իր օկուպացիոն զորքերը, հստակ ուղերձ է հղում, որ որևէ ձևով խաղաղության գնալու ցանկություն չունի, եթե այդ «խաղաղության համաձայնագիրը» չլինի Հայաստանի կապիտուլյացիայի հայտարարություն»,–ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղությունն իր համար ընդունելի չէ։ Նրա «խաղաղությունը» Հայաստանի կապիտուլյացիան է։
Եվ եթե հայկական կողմը համաձայն չէ դրա հետ, ապա պետք է ապահովի ՀՀ տարածքային ամբողջականությունը և արցախցիների ինքնորոշման իրավունքը։
«Բայց այս վիճակում գործող իշխանությունները որևէ լավ տեղ չեն տանում»,–հավելեց Խաչատրյանը:
Ընդդիմադիր պատգամավորի համար այս պահին ՀՀ–ի համար ամենալուրջ վտանգն այն է, որ երկիրը չդառնա Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի բախման թատերաբեմ:
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարեց, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։