Լուրեր․ Միրզոյանը, Լավրովը, Աբդոլլահիանը՝ «3+3» ձևաչափի մասին

Sputnik
▪️ Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն է ընդունվել։ Կարևորվել է բարիդրացիական հարաբերությունների զարգացումը։
▪️ Արարատ Միրզոյանը Թեհրանում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե փոխադարձաբար չհարգվեն միջազգային իրավունքով սահմանված համակեցության կարմիր գծերը։
▪️ «3+3» ձևաչափով նախարարների հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը լրագրողներին ասել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացին․ «Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր դարձնել։ Թող նրանք Բրյուսելում էլ հանդիպեն, եթե դրա ցանկությունն ունեն, բայց մենք միշտ պատրաստ ենք օգնել իրական սահմանազատմանը»։
▪️ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մասնակից երկրներին առաջարկել է Հարավային Կովկասում համապարփակ տրանսպորտային ճանապարհային քարտեզ մշակել, որը պետք է համապատասխանի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։
▪️ «3+3» հարթակի շրջանակում երեկ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ։ Պաշտնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր։ Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը։
▪️ Հայաստանը Ֆրանսիայից GM 200 ռադիոլոկացիոն երեք կայան կգնի։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը: Երեկ պաշտպանության նախարարները երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան պարտավորվել է Հայաստանին հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրել։
▪️ «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 26-ի արտահերթ նիստին, որի օրակարգում քաղաքապետի տեղակալների ընտրության հարցն է։ Խմբակցությունը, ինչպես որ քաղաքապետի ընտրության նիստի դեպքում, նպատակահարմար չի համարում մասնակցել նաև այս մեկին՝ քվորում չապահովելու նկատառումով․ «Քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ներկայացուցիչն իրավազոր չէ ավագանու նիստը վարել»։
Sputnik Արմենիա, 106FM