ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. «Utair» ավիաընկերությունը Տյումենի մարզի արբիտրաժային դատարանին խնդրում է հայկական «Aquila Technics LLC» ընկերությունից բռնագանձել մոտ 175 միլիոն ռուբլի և ավելի քան 1,5 միլիոն դոլար (ընդհանուր՝ ավելի քան 322 միլիոն ռուբլի՝ ներկայիս փոխարժեքով մոտ 3,4 միլիոն դոլար) ինքնաթիռների չառաքված շարժիչների համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հրապարակված դատական նյութերին։
Հայցը դատարան է ներկայացվել հոկտեմբերի 20-ին, սակայն դեռ վարույթ չի ընդունվել։
Ավելի վաղ «Utair»-ը դիմել էր Խանտի Մանսիյսկի ինքնավար օկրուգի արբիտրաժային դատարան՝ խնդրելով նախնական միջոցներ կիրառել` «Aquila Technics» ՍՊԸ-ի միջոցների առգրավման տեսքով՝ մոտ 175 միլիոն ռուբլու և ավելի քան 1,5 միլիոն դոլարի չափով: Դատարանը մերժել էր դիմումատուին։
««UTair Airlines» ՓԲԸ-ի համար բացասական հետևանքների առկայությունը, որը պայմանավորված է պարտապանի կողմից պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելով, վերաբերում է տնտեսական գործունեության ռիսկերին... չի կարող ցույց տալ, որ հայտարարված միջանկյալ միջոցների չկատարումը կարող է զգալի վնասների հասցնել դիմումատուին», - նշել էր դատարանը։
Դատարանի վճռում ասվում էր, որ ռուսական ավիաընկերությունը 2022 թվականի մատակարարման պայմանագրով ավելի քան 172 միլիոն ռուբլի է փոխանցել «Aquila Technics» ՍՊԸ-ին: Հայկական ընկերությունը պարտավորվել է մատակարարել CFM56-3C1 մոդելի երկու շարժիչ (տեղադրվում են «Boeing» և «Airbus» ինքնաթիռներում), սակայն դա չի արել։
«Utair»-ը Ռուսաստանի խոշորագույն ավիաընկերություններից է, որն իր ավիապարկում ունի ավելի քան 50 ինքնաթիռ։ Նրա օդանավերը և ուղղաթիռները 2023 թվականի 9 ամսում փոխադրել են ավելի քան 5,1 միլիոն ուղևոր, ինչը 9,4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։