ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան․ Ոլորտներից մեկը, որին հասել են արհեստական բանականությամբ ծրագրերը, աշխատանքի ընդունումն է։ Նման ծրագրերը թույլ են տալիս ամբողջությամբ կամ մասամբ ընտրել թեկնածուներին կամ զբաղվել աշխատակիցների ուսուցմամբ։ Այդ շուկա է մտադիր մտնել հայկական KeyProfi ստարտափը, որը ստեղծել են ռելոկանտ Գլեբ Լուկյանովը, հայրենադարձներ Տիգրան Մելքոնյանն ու Նարեկ Համբարձումյանը, ինչպես նաև տեղի ծրագրավորող Ավետիք Միդոյանը։
Ծրագրի մեջ կարելի է թեստային առաջադրանքներ մուտքագրել, ինչպես նաև առցանց մարզասարք, որի վրա հավակնորդը կկարողանա կատարել պրակտիկ առաջադրանքները (որքանով դա հնարավոր է վիրտուալ աշխարհում)։ Դրանց արդյունքներով «կարճ ցանկում» ընդգրկված թեկնածուներին կարելի է արդեն հրավիրել բանավոր հարցազրույցի։
Նոր ընկերության գլխավոր տնօրենը՝ Գլեբ Լուկյանովը, նման ծրագրային լուծման ստեղծման հաջող փորձ ունի Ռուսաստանում։ Նրա ստեղծած կիբեռ-օգնականը ստուգում էր ռուսական պետական գերատեսչություններում գնումների համար պատասխանատու մասնագետների հմտությունները։
Կադրերի արտահոսքն այստեղ բավական մեծ էր, իսկ նորեկները, ունենալով ֆինանսիստի որակավորում, կարող էին չտիրապետել լոգիստիկայի և փաստաթղթաշրջանառության նրբություններին պետական հատվածում։ Ծրագիրը ստուգում էր նրանց մոտ բազային այդ գիտեիքները, այնուհետև, անհրաժեշտության դեպքում, սովորեցնում դրանք։ Նախագիծը հաջողվեց, և խոշոր ՏՏ ընկերություններից մեկն այն ձեռք բերեց։
«Կարելի է նաև ավելի պարզ խնդիրներ կատարել, օրինակ, ներդնել գրասենյակի վիրտուալ եռաչափ պատկերը, որպեսզի նոր աշխատակիցը կարողանա ինքնուրույն ծանոթանալ դրա հետ և տեսնել` որտեղ և ինչ է գտնվում», - նշեց Մելքոնյանը։
Հարթակը դեռ միայն տեղական շուկայի համար են պատրաստում՝ հայերենով, սակայն ուզում են ավելացնել նաև ռուսերեն ու անգլերեն լեզուները։ Առաջին տարբերակը շուկայում կհայտնվի առաջիկա 4 ամիսների ընթացքում։
«Մեր ծրագրի նման ծրագրեր կան շուկայում։ Օրինակ` Ռուսաստանում դրանք կիրառում էին խոշոր բջջային օպերատորները, հատկապես քովիդի համաճարակը սկսվելուց հետո։ Բայց մենք պատրաստ ենք մրցակցության։ Վերջերս դարձանք Tumo-ի նախագծերի մրցույթի հաղթող, դրամաշնորհներ ստացանք, իսկ հիմա ակտիվորեն ներդրումներ ենք փնտրում», - հավելեց Տիգրանը։
Նախագիծը ներկայացվել էր բարձր տեխնոլոգիաների DigiTec ցուցահանդեսի ժամանակ, որն ամեն տարի անցկացվում է Երևանում։ Ցուցահանդեսի կազմակերպիչն է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE)։