Կա՞ն արդյոք անվտանգային մտահոգություններ «Հյուսիս–հարավի» կոնկրետ ճանապարհահատվածներում

Նախարար Քերոբյանի խոսքով` աշխարհում այսօր իրավիճակը, ընդհանուր առմամբ, «տաք» վիճակում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Չի կարելի ասել, որ «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի անվտանգության հետ կապված մտահոգություններ չկան, բայց ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` դա ընդհանուր աշխարհաքաղաքական վիճակի հարց է։
«Կարծում եմ` այսօր անվտանգության հարցերն ամբողջ աշխարհում շատ բարձր զգայունություն ունեն, ոչ մի կերպ չի կարելի է ասել, որ անվտանգային հարցեր չկան, բայց միաժամանակ թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը հստակ նվիրվածություն ունեն այս ծրագրի իրականացման ուղղությամբ, և Իրանը միշտ էլ միանշանակորեն հայտնել է իր անվերապահ աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ»,– Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան ասաց նախարարը։
Նա նշեց` այսօր աշխարհը բավականին «տաք» վիճակում է, տարբեր կոնֆլիկտներ կան ու հակամարտության սրացումներ։ Ինչ վերաբերում է «Հյուսիս–հարավի» կոնկրետ ճանապարհահատվածի անվտանգությանը, Քերոբյանը ճիշտ չի համարում հատուկ առանձնացում անելը։
Հիշեցնենք, որ այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության միջև կնքվեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 4–րդ տրանշի շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիրը։
«Չոր նավահանգիստը» գտնվում է խորը ուսումնասիրման փուլում. Քերոբյանը հավատում է գաղափարին
Նշենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն:
Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին: