Ի՞նչ հարցեր է քննարկելու Պապիկյանը Ֆրանսիայում. պարզաբանում է Քոչարյանը

Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանություն նախարարների հանդիպումը
Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ 44-օրյա պատերազմը հուշել է` պետք է լուրջ աշխատանք ծավալել ՀՀ անվտանգային միջավայրը ավելի ներառական դարձնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ցանկացած պետություն պետք է մեծացնի իր համագործակցության շրջանակն ու քաղաքական հարցերում պետք է ունենա բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա այցին։
«Քննարկվելու են բազմաթիվ հարցեր` կրթականից սկսած մինչև ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ»,– ասաց նա։
Ըստ Քոչարյանի` 44-օրյա պատերազմը հուշել է, որ պետք է լուրջ աշխատանք ծավալել, որպեսզի ոչ միայն բարեկամներ ունենանք, այլ նաև հարաբերություններ, որոնք միտված կլինեն մեր անվտանգային միջավայրն ավելի ներառական դարձնելուն։
Ինչ վերաբերում է Ֆրանսիայում ստորագրվող կոնկրետ փաստաթղթին, ապա Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ տվեց մանրամասներն իմանալու համար հետևել ԱԺ բյուջետային քննարկումներին։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ավելի վաղ` Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ասել էր, որ Փարիզն ու Երևանը ՀՕՊ ոլորտում ֆրանսիական սպառազինության Հայաստան մատակարարման մասին պայմանագիր կկնքեն։