ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում բենզալցակայաններ են ապամոնտաժվել։ Տեղեկությունը հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի՝ Կոմիտասի անվան զբոսայգու դիմաց գտնվող, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Գետառի փողոց թիվ 1 հասցեում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերել և արձանագրել են հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ որոշվել է ամբողջությամբ դադարեցնել այդ բենզալցակայանների շահագործումը։
Վերոնշյալ հասցեներում գործունեություն ծավալող տնտեսավարողների և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում այդ բենզալցակայաններն այսօր համատեղ ուժերով ապամոնտաժվել են։