ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Երևանում «Մոսկվայի տան» աշխատակիցները Վարդենիս են տարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված օգնությունը: Այս մասին հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից։
«Իրենց տները ստիպված լքած այս ընտանիքները այսօր մեր աջակցության կարիքն ունեն։ Վարդենիսի համայնքապետարանի հետ քննարկել ենք արցախցիների կարիքները և օգնություն բերել նրանց։ Հուսով ենք, որ այն կօգնի մի փոքր կարգավորել նրանց կենցաղը և կնպաստի նոր վայրում ինտեգրվելուն», - նշել է Երևանի «Մոսկվայի տան» կրթամշակութային և հումանիտար նախագծերի ղեկավար Լիա Խաչատրյանը։
Նրա խոսքով ՝ կենտրոնը շարունակելու է հնարավորինս աջակցություն ցուցաբերել կարիքավորներին։
Նշենք, որ ծրագիրն իրականացվել է Մոսկվայի մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ ՝ Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։