Արարատ Միրզոյանը Թեհրանում կմասնակցի «3+3» հանդիպմանը. ԱԳՆ

Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի, Sputnik. Հայկական կողմը հաստատել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը վաղը Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը»,– գրել է նա:
Նշված է, որ այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը վաղը Իրանում նախատեսված բանակցություններին։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հայտարարեց, որ մոտ ապագայում «3+3» (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) ձևաչափով հանդիպումներ են լինելու։ Նա նշել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնեցին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։ Նշվում էր, որ հայկական կողմը համաձայնել է։
Բաքուն և Անկարան աջակցում են «3+3» ձևաչափին՝ ի հակակշիռ արևմտյան հարթակների. փորձագետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց «3+3» ձևաչափով բանակցություններին մասնակցելու պատրաստակամության մասին։
Համագործակցության այս տարածաշրջանային ձևաչափն առաջարկվել է 44-օրյա պատերազմից հետո։ Դրանից հետո միայն մեկ հանդիպում է կայացել՝ 2021 թվականի վերջին՝ առանց Վրաստանի։