ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «Ռուսական մարդասիրական առաքելություն» կազմակերպությունը Հայաստանում Ռուսական տան հետ համատեղ օգնություն է բաժանել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ՀՀ Շիրակի և Արագածոտնի մարզերում: Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը, 234 մարդասիրական փաթեթ է տեղափոխվել Շիրակի մարզի Արթիկ քաղաք, Ախուրյան, Բենիամին և Ազատան գյուղեր, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղ:
Մարդասիրական փաթեթներում ներառվել են խնամքի միջոցներ և սնունդ: Փոխանցվել է նաև տաք վերմակների խմբաքանակ։
Ռուսական մարդասիրական առաքելության օգնությունը փոխանցվել է ԼՂ–ից տեղահանված հայերին
© Photo : Русский дом в Армении
Նշենք, որ «Ռուսական մարդասիրական առաքելության» օդանավը հոկտեմբերի 13-ին 6 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստան, որը բաշխվում է ամբողջ հանրապետությունում:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։