Նոր Հաճնի քաղաքապետի որդին ձերբակալվել է 2 անձի դանակահարելու կասկածանքով. ԶԼՄ

Ձեռնաղշթա
Ըստ տեղեկությունների` քաղաքապետի 25-ամյա որդին դանակահարել է 31 և 32 տարեկան տղամարդկանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի որդին՝ Հայկ Մաթևոսյանը, որը Նոր Հաճնում 2 քաղաքացու դանակահարելու կասկածանքով որոնվում էր, ներկայացել է իրավապահներին և ձերբակալվել: Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։
Ավելի վաղ shamshyan.com-ը գրել էր, որ հոկտեմբերի 19-ին դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ըստ կայքի` ոստիկանության Նաիրիի բաժինը ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած, թափանցող վերք, հեմոպլևմոթարկս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 31-ամյա Գևորգ Բ.-ն է: Կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից ահազանգել են, որ «որովայնի առաջային պատի, կտրած-ծակած բութ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Հաճն քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ա.-ն է:
Պարզվել է, որ Նոր Հաճն քաղաքի Ազատամարտիկների փողոցում նշված անձանց և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 25-ամյա Հայկ Մաթևոսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով մի քանի հարվածներ է հասցրել Գևորգ Բ.-ին և Նարեկ Ա.-ին: Գևորգ Բ.-ն «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: