ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, պետք է բարձրաձայնել և դատապարտել, դա որակվում է որպես էթնիկ զտում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Կովաքսը Հայաստան է եկել որպես Սյունիքի հետ փոխգործակցության հուշագիր կնքած Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեի բանագնաց:
«Այն, ինչ դուք այստեղ արել եք մի քանի օրվա ընթացքում՝ տեղահանվածներին ձեր մարզում ընդունելով, մեզ դրականորեն զարմացրել է, և պետք է նշել, որ յուրաքանչյուր նման իրադարձություն ազդակ է հայ- ֆրանսիական կապն ավելի ամրացնելու և Ֆրանսիայի կողմից աջակցությունն ավելացնելու համար»,- ասել է Թիերի Կովաքսը:
Նշվում է, որ մեկ օր առաջ Օվերնյը-Ռոն-Ալպի ռեգիոնալ խորհրդում բոլոր քաղաքական ուժերի կողմից միաձայն ընդունվել է մի բանաձև, ըստ որի` Սյունիքին հատկացվող նախնական 300.000 եվրո օգնությունը կրկնապատկվել է՝ դառնալով 600.000 եվրո:
«Այս աշխատանքային այցի նպատակն է մարզպետի հետ քննարկել այն ոլորտներն ու կարիքները, որոնց կուղղվեն հատկացվող միջոցները»,–ասված է հաղորդագրությունում։
Այցի շրջանակում հանդիպում է նախատեսվում նաև մարզի համայնքների ղեկավարների հետ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։