Քաղաքացիները երկրորդ անգամ ներխուժեցին Արցախի ներկայացուցչության շենք

Այս պահին քաղաքացիների մի մասը գտնվում է ներկայացուցչության շենքի դիմաց և դժգոհում է Արցախի նախագահի որոշումից։
Sputnik
Արցախից բռնի տեղահանված տասնյակ քաղաքացիներ երկրորդ անգամ ներխուժեցին Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենք։
Իրավիճակը լարվեց, երբ ակցիայի մասնակիցները բղավելով հարցեր էին հնչեցնում, իսկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հեռացավ՝ ասելով, որ նման պայմաններում չի կարող պատասխաններ տալ։ Հավաքվածները երկրորդ անգամ ճեղքեցին ոստիկանական պատնեշը, մի քանիսին հաջողվեց մտնել շենք, մյուսները մնացին դրսում։
Այդ ընթացքում շենք մտան նաև համազգեստով տղամարդիկ, որոնց դեմքերը փակ էին դիմակներով։ Ներկայացուցչության դռները փակվեցին։
ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Հիշեցնենք` արցախցիները առավոտից ակցիա են անում՝ բողոքելով Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի վճարումը դադարեցնելու որոշման դեմ։ Ավելի վաղ նրանք, ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացան մուտք գործել Արցախի ներկայացուցչություն։
Նրանք փորձում էին հանդիպել Շահրամանյանի հետ, սակայն չհաջողվեց, ինչից հետո նախագահը դուրս եկավ շենքից և սկսեց պատասխանել նրանց հարցերին։