Նվերներ և գումար. վիրահայերն օգնություն են տրամադրել Արցախից տեղահանվածներին

Վիրահայերն օգնություն են տրամադրել Արցախից տեղահանվածներին
Վրաստանի հայկական համայնքը հայտնում է, որ օգնությունը շարունակական է լինելու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Վիրահայերն օգնություն են տրամադրել Արցախից բռնի տեղահանված և Լոռու մարզի Փամբակ գյուղում ապաստանած 42 ընտանիքի: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի հայկական համայնքը:
Վիրահայերն օգնություն են տրամադրել Արցախից տեղահանվածներին
«Օգնությունը հավաքվել է Վիրահայոց թեմի, «Վրաստանի հայ համայնք» և «Միասին» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ «Հայարտուն» կենտրոնում:
Հոկտեմբերի 19-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ և Թբիլիսիի հայկական մի քանի կազմակերպության ղեկավարների և անդամների մասնակցությամբ այն բաժանվել է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի 10 գյուղում ժամանակավոր ապաստարան գտած 42 ընտանիքի»,- ասված է հաղորդագրությունում:
Վիրահայերն օգնություն են տրամադրել Արցախից տեղահանվածներին
Թբիլիսահայերի կողմից ընտանիքներին փոխանցվել են գումար, իսկ անչափահաս երեխաներին՝ նվերներ:
Հումանիտար օգնությունը տեղափոխելուն աջակցել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Նշվում է, որ օգնությունը շարունակական է լինելու:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։