ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը կմնա կալանքի տակ առնվազն մինչև նոյեմբերի 20-ը։ Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանը մերժել է Նարեկ Մալյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մալյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 20–ին, ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու կասկածանքով։ Կալանավորվել է երկու օր անց` երկու ամսով։
«Հատկանշական է, որ «թշնամանք հրահրելու» մեջ մեղադրվող Մալյանի կալանքի հարցը վերաքննիչում լուծել է այն նույն դատավորը, որն անցյալ տարի՝ «Դիմադրության» շարժման օրերին, անփոփոխ էր թողել նույն հոդվածով մեղադրվող լուսահոգի Արմեն Գրիգորյանի կալանքը։ Ընդ որում, երկու դեպքում էլ վարույթն իրականացվել է ԱԱԾ քննչականում»,– գրել է նա։
Հիշեցնենք` ավելի վաղ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար Մալյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։
Այս տարվա հունիսի 30–ին Նարեկ Մալյանն այդ գործով արդարացվեց։