Լոռու մարզում պանրի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել

Պանրի արտադրամաս. արխիվային լուսանկար
Արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամանակ է տրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Լոռու մարզում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին պատկանող պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Իրականացված ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Պանիր չանախ» արտադրատեսակից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։
«Նշված արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Այն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն` համարվում է վտանգավոր սննդամթերք»,- ասված է հաղորդագրությունում։
Ժամանակ է տրվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար: